4 մայիսի 2012 - 18:42 AMT
Էդուարդո էռնեկյանը կդառնա «Բիզնես հանուն խաղաղության» 2012-ի մրցանակակիր

Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամի որոշմամբ` Էդուարդո Էռնեկյանը դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Ինչպես PanARMENIAN-ին հայտնել են «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամլո ծառայությունից` այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:

Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին` Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006 թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004 թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:

Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունն առաջադրել է որպես բիզնես հանրության ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին մշտապես ակտիվ և ուժեղ մասնակցություն ցուցաբերելու համար:

«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ: