Coca-cola ընկերության ղեկավարությունը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել չինացիներից՝ արտադրանքի մեջ քլորի առկայության համար: Այնուամենայնիվ, քլորի պարունակությունը Չինաստանի ձեռնարկությունում «նորմայի սահմաններում» է, գրում է «Չայնա դելին»՝ հղում անելով Coca-cola-ի ներկայացուցչի հայտարարությանը:
«Չնայած նրան, որ արտադրանքի որակը չի սպառնում առողջությանը, մենք մի շարք միջոցներ ենք ձեռնարկել իրավիճակը պարզաբանելու համար և ցանկանում ենք ներողություն խնդրել պատճառած անհարմարության համար»,-ասել է Դևիդ Բրուքսը, Չինաստանի ու Հարավային Կորեայի գծով ընկերության նախագահը:
Տեխնոլոգիայի խախտումով թողարկված 120 հազար նմուշից Շանսի գավառում իրացվել է 76 հազարը: Ապրիլի 28-ին Շանսիի ձեռնարկությունը կասեցրել է բոլոր հոսքագծերի աշխատանքը: Բոլոր նրանց, ով հասցրել է գնել այդ ապրանքատեսակից, առաջարկվում է փոխանակել այն կամ վերադարձնել գումարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: