5 մայիսի 2012 - 14:05 AMT
Սուրեն Զոլյանը չի մասնակցելու ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը չի մասնակցելու ռեկտորի պաշտոնի համար նախատեսված մրցույթին. «Ով էլ ընտրվի ռեկտոր, նրա նշանակումը անհասկանալի է լինելու, քանի որ դա կտևի այնքան ժամանակ, մինչև որ ես շահեմ դատը»:

Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանի բողոքարկման գործն այժմ գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում. «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հարցը լուծվի Հայաստանում, դա կնշանակի, որ ազգային իրավական համակարգը գործում է, եթե ոչ ես դիմելու եմ նաև Եվրոպական դատարան»:

Զոլյանը նշեց նաև, որ մինչ օրս ունի իր աշխատասենյակի բանալիները և ամեն օր գնում է համալսարան. «Ես չեմ ենթարկվում անօրինական հրահանգների, ըստ օրենքի ես իրավունք ունեմ չենթարկվել անօրինական հրահանգներին և դրա համար չենթարկվել պատասխանատվության»:

Զոլյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ ԲՈՒՀ-ի մի շարք դասախոսներ դժգոհել են իր պաշտոնավարումից. «Յուրաքանչյուր դեպքի համար առանձին ես ունեմ իմ բացատրությունը, այն դասախոսները, ովքեր բողոքում են, նախ թող ներկայացնեն իրենց մասնագիտական որակները»: Զոլյանն ասաց նաև, որ ոչ բոլոր դասախոսներին էր դուր եկել այն, որ իր պաշտոնավարման ժամանակ ԲՈՒՀ-ում սկսել են այնպիսի օրենքներ գործել, որոնք ուսանողին դարձնում են դասախոսի գործընկերը, ոչ թե ճորտը: