Զինվորական դատարանը, որի նիստն անցնում է Գուանտանամոյի ռազմակայանում, պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գործով հինգ կասկածյալներին, կիրակի օրը հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը: Կասկածյալներին մեղադրում են դավադրության կազմակերպման, խաղաղ բնակիչների վրա հարձակման, սպանությունների, պատերազմի օրենքների խախտման, ինքնաթիռի զավթման ու ահաբեկչության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մեղադրյալների թվում է Հալիդ Շեյխ Մոհամմեդը, որը համարվում է ԱՄՆ պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության կազմակերպիչը: Կանգնելով զինդատարանի առջև՝ նա երեք տարում առաջին անգամ հայտնվեց հանրության առջև:
Ինչպես նշում է գործակալությունը, բոլոր հինգ մեղադրյալները հրաժարվել են պատասխանել, արդյոք իրենց մեղավոր են ճանաչում: Ավելին, ենթադրյալ ահաբեկիչները անտեսել են դատը նիստի ողջ ընթացքում: Ամենասկզբում նրանք հանել են ականջակալները, որով թարգամանություն էր գնում, հետո ծնկի են իջել ու սկսել են աղոթել: Ավելի ուշ նրանցից երկուսը սկսել են թերթել Economist ամսագիրը:
Փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններից: Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ այս նիստը «տևական դատավարության սկիզբն է միայն, որն ավարտին հասցնելու համար տարիներ կպահանջվեն»: