6 մայիսի 2012 - 19:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ ՊՆ. Զինծառայողների հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ անհասցե ահազանգերը կդիտարկվեն որպես ապատեղեկատվություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ էլեկտրոնային լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում խորհրդարանական ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ, մասնավորապես` զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր, փորձում են վերահսկել նրանց քվեարկությունը և այլն:

Խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվել և իրականացվում են զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու կազմակերպչական աշխատանքներ: Պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվել են զորամասերի ընտրողների ցուցակում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրահանգավորել է ընտրական գործընթացներում ներառված զորամասերի հրամանատարությանը՝ խստորեն ղեկավարվել ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների պահանջներով և վերահսկում է հրահանգի կատարումը, ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ անհասցե ահազանգերը, որտեղ նշված չեն լինի ընտրական տեղամասը, ընտրախախտման հստակ նկարագրությունը ու այլ մանրամասներ, կդիտարկվեն որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

ՖՈՏՈՇԱՐՔ