Մայիսի 6-ին Սերբիայում ընթանում են վաղաժամկետ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են նույն օրը խորհրդարանական և տեղական ընտրությունների հետ այն բանից հետո, երբ երկրի նախագահ Բորիս Տադիչն ապրիլի 4-ին հայտարարել է իր հրաժարականի մասին:
Ինչպես հայտնել են լրագրողներին Հանրապետական ընտրական հանձնաժողովում, աշխատում են բոլոր 8,39 հազար ընտրատեղամասերը:
Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է ձեռքի մատները դնի հատուկ ուլտրամանուշակագույն լույսի տակ: Ձեռքերի վրա չպետք է լինեն հատուկ սփրեյի հետքեր, որով ձեռքը պատվում է քվեարկությունից հետո: Այդ կերպ լրացուցիչ պաշտպանություն է ստեղծվում բազմակի քվեարկությունից խուսափելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընտրությունները հանգիստ են ընթանում, սակայն սերբական ԶԼՄ-ների տվյալներով, Նովի Սադ քաղաքում ձերբակալվել են մի քանի հոգի ընտրողների կաշառելու փորձերի համար:
Մի խումբ անձինք առաջարկել են քաղաքացիներին շուրջ 22 եվրո թեկնածուների որոշակի ցուցակի օգտին քվեարկելու համար: