1 հունիսի 2004 - 20:22 AMT
ՀԱՅԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Դվինա-Ինֆորմ» լրատվական գործակալությունը, Արխանգելսկում բնակվող հայերի միավորման գաղափարը ձեւավորվել էր անցյալ տարի, իսկ հունվարին տարածաշրջանային բաժանմունքը պաշտոնապես գրանցվել է արդարադատության մարմինների կողմից: Հայկական սփյուռքը նախատեսում է մոտ ապագայում բացել կիրակնօրյա դպրոց, որտեղ հայ երեխաները կուսուցանեն հայ պատմություն եւ մայրենի լեզու: Հեռանկարում Արխանգելսկում կկառուցվի հայ եկեղեցի: Աղբյուրի համաձայն` Պոմորյեի մայրաքաղաքում այսօր բնակվում է շուրջ հազար հայ: