8 մայիսի 2012 - 09:23 AMT
«Ժողովուրդ».Արամ Կարապետյան. Կամ մեր ազգը հիմար ու մազոխիստ է, կամ ընտրությունները բացարձակ կեղծվել են

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որ նախապես կանխատեսել էր, թե որ ուժերը կմտնեն խորհրդարան, «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ԱԺ այս ընտրությունները ևս կեղծվել են. «Նույնիսկ եթե փաստեր էլ չլինեին, ապա քաղաքական վերլուծությունն է դա ցույց տալիս: Ամբողջ քարոզարշավի ընթացքում թե Սերժ Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե Արթուր Բաղդասարյանը նշել են, որ Հայաստանից արտագաղթ է, ժողովուրդը վատ կյանքից հեռանում է, աղքատությունը մեկ երրորդով աճել է, ընտրությունները թափանցիկ չեն եղել, ժողովրդավարության պակաս է եղել և այլն: Մարդիկ հորդորում էին՝ հավատացեք, որ փոխվենք ու փոխենք: Բայց հանկարծ նման իրավիճակում ապրող ժողովուրդը, ըստ պաշտոնական տվյալների, 80 տոկոս ձայն է տալիս իշխող կոալիցիային՝ ընդունելով երկրում տիրող քաղաքական կուրսը: Սա խոսում է ազգային խայտառակության մասին. կամ մեր ազգը հիմար ու մազոխիստ է, կամ ընտրությունները բացարձակ կեղծվել են: Բայց մենք կարծում ենք, որ մեր ազգը ոչ հիմար է, ոչ էլ՝ մազոխիստ»: