8 մայիսի 2012 - 11:05 AMT
Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը չեն մասնակցելու Ռիո+20 կոնֆերանսին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բաց կթողնեն կայուն զարգացման խնդիրների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնֆերանսը, հաղորդում է France 24-ը` հղելով երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին: Միջոցառումը հայտնի նաև որպես Ռիո+20 և կանցկացվի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում:

Անգելա Մերկելը, հեռախոսով կապ է հաստատել Բրազիլիայի նախագահի հետ և հայտնել, որ միջոցառմանը Գերմանիան կներկայացնեն շրջակա միջավայրի նախարար Նորբերտ Ռոտտգեն և զարգացման նախարար Դիրք Նեյբելը: Մեծ Բրիտանիայի վարչապետի փոխարեն երկիրը կներկայացնի նրա տեղակալ Նիկ Քլեգգը:

Սպասվում է, որ Ռիոյում կայանալիք միջոցառմանը ներկա կգտնվեն մոտ 100 պետությունների առաջնորդներ, իսկ մասնակիցների ընդհանուր քանակը կգերազանցի 50 հազարը: Կոնֆերանսի նպատակն է վերաիմաստավորել երկրների քաղաքական դիրքորոշումները` մարդկային քաղաքակրթության կայուն զարգացման ընդհանուր ներդրումների շրջանակներում, հաղորդում է ՌԲԿ-ն: