8 մայիսի 2012 - 16:27 AMT
Հունիսի 15-ին Երևանում կմենարկի 5-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը

«Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այս տարի անցկացվելու է հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«Համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, հաճախորդներ ներգրավելու համար: Այստեղ ՏՀՏ ոլորտի տեղական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատելու` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացը, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակն ու ավելացնել եկամուտները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր խոսքում նշել է, որ համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում և դուրս է մենաշնորհային շրջանակներից:

«Սա արդիական միջոցառում է` նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում: Որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, ԻՏՁՄ-ն ստեղծում է համապատասխան միջավայր` ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ»,- ասել է Կարեն Վարդանյանը: