8 մայիսի 2012 - 16:55 AMT
Սարիբեկ Սուքիասյանը չի կարծում, որ պարտվել է

ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում ինքնառաջադրված Սարիբեկ Սուքիասյանի շտաբի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ Սարիբեկ Սուքիասյանը նոր գումարման Ազգային ժողովին ցանկանում է «բեղմնավոր և օրինաստեղծ աշխատանք»: Հաղորդագրությունում նաև ասվում է.

«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը և ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան: Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմը»:

Սուքիասյանը շնորհակալություն է հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացել են ընտրատեղամասեր և արտահայտել իրենց ազատ կամքը. «Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով և մեծ ոգևորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը: Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը և միշտ հասանելի եմ լինելու նրանց համար»: Թիվ 10 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ հաղթել է ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն, ով առաջադրված էր Սարիբեկ Սուքիասյանի դեմ: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):