8 մայիսի 2012 - 20:29 AMT
Իսկանդարյան. Լիբերալիզմը, սոցիալիզմն ու կոնսերվատիզմը ՀՀ-ում չեն գնահատվում, այստեղ լավ վաճառվում է պատերնալիզմը

«Լիբերալիզմը, սոցիալիզմն ու կոնսերվատիզմը Հայաստանում չեն գնահատվում, այստեղ լավ վաճառվում է պատերնալիզմը»,- մամլո ասուլիսում այսօր հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մարդիկ Հայաստանում չեն կարդում կուսակցությունների քաղաքական ծրագրերը»: Իսկանդարյանի խոսքով` Եվրոպայում մարդիկ ընտրում են ազատության և արդարության միջև: Նրանք ընտրում են ձախերի և աջերի միջև, լիբերալների, ովքեր տալիս են նրանց ազատությունը, և սոցիալիստների միջև, ովքեր արդարություն են ապահովում:

Հայաստանում այդ մշակույթը դեռևս չի հասունացել, նշել է Իսկանդարյանը: Բարդ լեզվով խոսող կուսակցությունները պարտվում են նրանց, ովքեր պարզ ասում են, որ «ամեն ինչ լավ կլինի»: Իսկ այդ «պարզ» խոստումին հասնելու մեթոդը ցույց տալու լավագույն միջոցն ինչ-որ բան տալն է: Մյուս կողմից հարկ է նշել, որ բնակչության քառորդ մասից մինչև 1/3-ը կաշառք չեն վերցրել, հայտնել է Իսկանդարյանը: Քաղաքագետն ընդգծել է, որ նրանք քվեարկել են, որովհետև ուզում էին կատարել իրենց ընտրությունը որոշակի կուսակցության օգտին: