10 մայիսի 2012 - 17:32 AMT
Նորահայտ աղանդի հովիվը սպառնում է «Միացյալ երիտասարդական լիգայի» նախագահին

2009 թվականից Հայաստանում գործում է «Խորան» նոր աղանդը: «Միացյալ երիտասարդական լիգայի» նախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ աղանդի հովիվ Հրաչյա Խաչատրյանը բազմիցս սպառնացել է իրենց, սկզբում կաշառք է առաջարկել, այն պայմանով, որ իրենց օգտին խոսեն, սակայն ինքը հրաժարվել է, ինչից հետո էլ եղել են սպառնալիքները, որոնք շարունակվում են մինչ օրս: Սևակ Հովհաննիսյանը դա բացատրում է նրանով, որ ինքն առաջինն է խոսել այդ աղանդի մասին, բացահայտել նրանց բուն գործունեությունը:

Սևակ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ մոտ 10 օր առաջ աղանդի գործունեությունը դադարեցնելու պահանջով «Միացյալ երիտասարդական լիգան» բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն պատասխան մինչ օրս չկա. «Ապրիլի 18-ին բողոք-դիմում ենք ներկայացրել նաև արտգործնախարարություն, որին միացել են նաև սփյուռքի որոշ համայնքների ներկայացուցիչներ, ստորագրություններ են ուղարկել»:

Նա նշեց, որ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ արտգործնախարարությունից չեն հիմնավորում դիմումն անպատասխան թողնելը. «Մենք նաև ցույց ենք նախապատրաստում աղանդի որջի դիմաց, ինչպես նաև կառավարության շենքի դիմաց: Կշարունակենք այնքան, մինչև որ կդադարեցվի այդ աղանդի գործունեությունը»: