11 մայիսի 2012 - 13:11 AMT
Սալվատորե Սկիլաչի. Իտալիայի հավաքականին Հայաստանի դեմ դժվար հանդիպում է սպասվում

“Կարծում եմ, այս տարվա հոկտեմբերին Իտալիայի հավաքականին դժվար հանդիպում է սպասվում Հայաստանի ընտրանու դեմ, որը վերջին ժամանակներս ուժեղացել է: Մեր հավաքականը համալրվել է երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնք այդքան էլ մեծ միջազգային փորձ չունեն: Ցավոք, Երևանում չեմ կարող ներկա լինել այդ խաղին”,- մայիսի 11-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 1990 թվականի Իտալիայի կազմում բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին:

Սկիլաչին Պալերմոյում ֆուտբոլի դպրոց ունի, որտեղ մարզվում են 5-16 տարեկան պատանիներ: Նա խոստովանեց, որ ֆուտբոլից հեռանալուց հետո փորձել է զբաղվել իրեն ավելի հոգեհարազատ աշխատանքներով, և անգամ նկարահանվել է իտալական սերիալներում: “Ազգային հավաքականում փորձել եմ կատարյալ լինել, ինձ համար հեքիաթային հաջողություն էր լավագույն ռմբարկու դառնալը: Ֆուտբոլը ինձ շատ բան է տվել` մեծ հեռանկարներ և ճանաչում ամբողջ աշխարհում: Բայց դա չխանգարեց, որ ես նույն պարզ և համեստ մարդը մնամ”,- նշեց նա:

Սկիլաչին նաև ֆուտբոլ է մեկնաբանում իտալական Rai ռադիոհեռուստաընկերության համար, իսկ ավելի վաղ աշխատել է նաև Sky հեռուստաալիքում: