14 մայիսի 2012 - 12:34 AMT
Այսօր Երևան կժամանի Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը

Մայիսի 14-16-ը Երեւանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:

Մայիսի 15-ին խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այցի ընթացքում Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաեւ Մատենադարան, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: