14 մայիսի 2012 - 18:11 AMT
Թանգարանային գիշեր 2012. Սարյանի տուն-թանգարանը կներկայացնի վարպետի գրքային նկարազարդումները

Սարյանի տուն-թանգարանի Թանգարանային գիշեր 2012-ի մեխը լինելու է «Մ. Սարյան: Նամակներ (1929-1954)» 2-րդ հատորի շնորհանդեսը: Այդ մասին հայտնում է թանգարանը: Քանի որ այս տարի միջոցառումների շարքն անցկացվում է «Գիրը փոփոխվող աշխարհում» խորհագրով, այն սկսվելու է «Սարյանը և գիրքը» ցուցադրության բացմամբ, որտեղ ներկայացվելու են Սարյանի նկարազարդած և ձևավորած գրքերը, «Գրառումներ իմ կյանքից» գրքի ձեռագրերը, տարբեր լեզուներով տպագրված հրատարակությունները: Այդ օրը թանգարանում սպասվում է նաև վոկալ երաժշտության համերգ, գրքային նկարազարդումների սլայդ-շոու, տեսաերիզի ցուցադրություն և թեյի համտես:

Սարյանը կարևոր դեր է ունեցել հայ տպագիր գրքի մշակույթի ձևավորման ոլորտում, նկարազարդել և ձևավորել է բազմաթիվ հայ գրողների գրքեր` Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Գ. Մահարիի, Ե. Չարենցի, Վ. Թոթովենցի և այլ հեղինակների գրքեր, ստեղծել է նկարազարդումներ հայկական ժողովրդական հեքիաթների երեք տարբեր հրատարակությունների համար: Սարյանը հեղինակել է «Գրառումներ իմ կյանքից» գիրքը, որը տպագրվել է բազմիցս տարբեր լեզուներով: