16 մայիսի 2012 - 09:21 AMT
Այսօր բացվում է Կաննի 65-րդ կինոփառատոնը

Այսօր` մայիսի 16-ին կբացվի Կաննի 65-րդ կինոփառատոնը:Այն կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: ժյուրին գլխավորելու է իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին, նա բազմիցս մասնակցել է այդ փառատոնին:

Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Միխայել Հանեկեի «Սերը» և Քեն Լուոչի «Հրեշտակների բաժինը» և մեկ ռուսական ֆիլմ՝ Սերգեյ Լոզնիցայի «Մառախուղի մեջ» դրաման: Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն չորրորդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի կինոշուկային: Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերություններն` ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Փառատոնն ավարտվելու է մայիսի 27-ին` Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմով:

Ինչպես անցած տարի, այս տարի ևս PanARMENIAN Photo-ի ֆոտոլրագրող Վահան Ստեփանյանը կլուսաբանի փառատոնի ողջ ընթացքը: