Քրիստոսի Համբարձման տոնն Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի մայիսի 17-ին: Տոնի առթիվ միջոցառումների շարք է կազմակերպում Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցու ծխական համայնքը, որին կմասնակցեն 4000-5000 հոգի: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի փոխանցմամբ`մայիսի 17-ին` ժ. 15.30 եկեղեցու բակում կսկսվի կավճանկարի մրցույթ` հայորդաց տան սաների և մանկապարզտեզների երեխաների մասնակցությամբ:
ժ. 16.50. համայնքի բոլոր դպրոցների 5-6 դասարանցիները ծխական համայնքի մասնակցությամբ ժամերգության կմասնկացեն, որից հետո մեծ թափորը կիջնի հայորդաց տան հարևանությամբ գտնվող բացատը: ժ. 17.30. բացատում ներկաները կդիտեն համայնքի դպրոցների պատրաստած հոգևոր թեմաներով ներկայացումները, որից հետո կներկայացվեն նաև Համբարձման տոնի ժողովդրական սովորությունները: Այնուհետև տիկնաց և երիտասարական միությունները կհյուրասիրեն օրվա կերակուրը` կաթնապուրը:
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը`հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն էր ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև Գործք Առաքելոցում: Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: