17 մայիսի 2012 - 13:02 AMT
Երևանում բացվել է մասնագիտական կրթության որակի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով

Երևանում այսօր բացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողով: ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարևորեց գիտաժողովը, քանի որ, ըստ նրա, այն այսօր Հայաստանում խիստ արդիական է և առանցքային բարձրագույն կրթության բարեփոխումների համար:

«Կրթության որակի ապահովումը Բոլոնիայի գործընթացի սկզբնավորումից եղել է կարևորագույն ուղղություններից մեկը և մինչ օրս էլ շարունակում է մնալ այդպիսին»,- ասաց Հարությունյանը: Փոխնախարարը նաև նշեց, որ այսօր գոյություն ունեն Եվրոպական որակի ապահովման միասնական չափանիշներ, որոնք Բոլոնիայի գործընթացը որդեգրած երկրները պարտավորվել են ապահովել. «Դա ամենակարևոր հարցերից մեկն է, որը նաև պարտավորվել է ապահովել Հայաստանը»:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի համապատասխան մարմինը՝ Որակի ապահովման ազգային կենտրոնը, Եվրոպական ցանցի նմանատիպ կենտրոնների ասոցացված անդամ է, և արդեն սկսել է լիիրավ անդամ դառնալու գործընթացը: