17 մայիսի 2012 - 15:50 AMT
Ոստիկանությունը պատասխանել է Օմբուդսմենի առաջարկին

Ոստիկանությունը ողջունել է մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկը`մշակելու խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակակական կարգի խախտումների կանխմանն ուղղված հստակ չափորոշիչներ։ Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին, կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

Նախկինում Ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով և հետևաբար բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը»–նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այս առաջարկությունը պայմանավորված էր Մաշտոցի պուրակում անցակցված հավաքների ընթացքում ծագած խնդիրների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատներով։