17 մայիսի 2012 - 15:51 AMT
Ծիրանի բերքը կարող է պակասել մեղուների «վատ աշխատանքի» պատճառո՞վ

Գյուղատնտեսական տարին նորմալ է սկսվել, պտղատու ծառատեսակների բերքն անցյալ տարվա բերքին չի զիջի, անգամ կգերազանցի: Այս մասին այսօր լրագրողների հատ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ բուսաբանության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Գևորգ Հարությունյանը` հավելելով,– «դեռ չգիտենք` եղանակն ինչպիսին կլինի»:Անդրադառնալով ծիրանենիների ծաղկման գործընթացին` Հարությունյանը նշեց, որ «որոշ մարզերում ծաղկի հետ կապված խնդիրներ կան»: «Որոշ տեղերում ծիրանենու ծաղիկը փչացել է ցուրտ եղանակի պատճառով, անձրևներ էին տեղում, թեև կարճատև: Մեղուների թռիչք շատ քիչ է եղել, իսկ ինչպես բոլորս գիտենք` նրանցից է կախված փոշոտումը, որը մեծ դեր է խաղում», - ասաց նա:

Բանախոսի խոսքով` քանի որ մեղուներն անձրևների և ցրտի պատճառով ուշ սկսեցին իրենց «գործը»` փոշոտումը վատ կատարվեց, և դրա պատճառով ծաղիկների մի մասը փչացավ:

«Հիմնականում Արմավիր մարզի որոշ գյուղերում եւ Արարատի մարզում է այս վիճակը», - նշեց բանախոսը: