21 մայիսի 2012 - 16:13 AMT
Եռաչափ մոդելավորողների միությունը միանում է ՏՏ նախարարության ստեղծման գաղափարին

Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ: Այս մասին նշված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածած հաղորդագրության մեջ։

«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ, Հայաստանի ինժեներական, ճարտարապետաշինարարական, վիզուալիզացիայի և այլ ոլորտներ ձեռք կբերեն միջազգային շուկայի պահանջարկին համապատասխան մակարդակ, մրցունակություն և կդառնան տարածաշրջանի առաջատար»,- ասել է Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Նրա խոսքով, նախարարության առկայությամբ և գործունեությամբ կլուծվեն նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հայկական շուկայում ինժեներությունը որպես արժեքավոր և կարևոր մասնագիտության համբավի վերականգնումը և պահպանումը, ոլորտի զարգացմանը նպաստող հարկային, մաքսային օրենսդրության բարելավումը, սկսնակ կազմակերպություններին հատուկ ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելը և այլն:

Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:

Մայիսի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: