
Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում լայն թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Ինպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`արդեն ասֆալտապատվել է շուրջ 700000 քմ տարածք:
Երևանի քաղաքապետի հանձնարարարությամբ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2011թ-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկնարկել են հիմնանորոգման` մասնավորապես տանիքների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագրերը:
Պատասխանատու բոլոր կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարվել է մայիսի 25-ին կազմակերպվող վերջին զանգի միջոցառումների հետ կապված սահմանված կարգով ապահովել շրջանավարտների անվտանգությունը:
Մայրաքաղաքում դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել և մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը: Խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Միջոցառումներ կլինեն նաև բոլոր վարչական շրջաններում: