ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից Զարուհի Փոստանջյանը պահանջագրով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Պահանջագրի մեջ մասնավորապես ասվում է. «Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից և պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:
Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետևանքներ թողնել նրա առողջության վրա, այլև լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում և ծնողների միջամտությամբ:
Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:
Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են»: