22 մայիսի 2012 - 13:25 AMT
«Facebook SMS»-ը հնարավորություն է ընձեռում շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու

Այժմ «Facebook SMS» ծառայության շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ ակտիվացնելով այն, բաժանորդները կարող են SMS-ի միջոցով ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:

Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը և ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:

Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:

«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):