22 մայիսի 2012 - 14:41 AMT
Բրյուսովի մի խումբ դասախոսներ դիմում են ներկայացրել վարչական պաշտոններից ազատվելու համար

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ դասախոսներ դիմել են

ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` իրենց զբաղեցրած վարչական պաշտոններից ազատվելու համար։ Այս մասին հայտնի է դարձել Սուրեն Զոլյանի որդու` Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան պատից։

«Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝ դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,–նշված է դիմումի մեջ։

Դիմում ներկայացրել եմ Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ, Գոհար Ավետիսյանը` ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ, Նունե Դիլանյանը,ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ, Լիանա Պետրոսյանը` ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ և Նվարդ Մանասյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը PanARMENIAN.Net–ի թղթակցի հետ զրույցում ևս հաստատեց այս տեղեկատվությունը` հավելելով, որ ինքն արդեն ընթացք է տվել դիմումներին։

«Ստացել եմ հինգ դիմում և նրանք ազատվում են ոչ թե դասախոսական, այլ վարչական աշխատանքից։ Եթե մարդիկ չեն ուզում զբաղեցնել իրենց պաշտոններն, այստեղ որևէ խնդիր չկա»,–ասաց Գասպարյանը` հավելելով, որ դիմումները ստացել է երեկ` աշխատանքային օրվա ավարտին։