22 մայիսի 2012 - 19:56 AMT
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ից սպայական դասընթացներ է կազմակերպում

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում սեպտեմբերի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից` դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները:

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներին:

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` հրետանավոր և ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում` ՀՕՊ կապավոր:

Ընտրված զորակոչիկների հետ հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվի երիտասարդ զինվորի ծրագրով 8-շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու և հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր:

Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների: