23 մայիսի 2012 - 17:32 AMT
Տարոն Մարգարյանը ներկայացրել է Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքապետն ասել է, որ Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երևանի ավագանու անդամ ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում:

Քաղաքապետն ասել է, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր`բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ: