23 մայիսի 2012 - 17:58 AMT
Դպրոցների 22 փոխտնօրենները կմասնակցեն «Գիտակցված քվե» ծրագրին

Դպրոցների փոխտնօրենների համար «Հայկական-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ–ն հայտարարում է մրցույթ` մասնակցելու «Գիտակցված քվե» ընտրական իրավունքի ուսումնական ծրագին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել դպրոցներում ժողովրդավարության միջավայրը և կարևորել ընտրությունների գործընթացը ժողովրդավարության կառուցման գործում: Հաղորդում է կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջը։

Ծրագրում կներգրավվեն Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների 22 մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններ, ովքեր վերապատրաստման, փորձի փոխանակման և աշակերտական խորհուրդների գործողությունների բարելավման միջոցով կնպաստեն դպրոցում ուսումնառության մթնոլորտի և երեխայակենտրոն դպրոցի չափորոշիչների բարելավմանը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված «հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովմանը»:

Ընտրված դպրոցների փոխտնօրենները 2012 թ. հունիսին կմասնացկցեն «Ընտրական իրավունքին և ժողովրդավարությանը» նվիրված երկօրյա սեմինարին: Այնուհետև, նրանք կօժանդակեն իրենց դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներին ներգրավվելու ակտիվ քաղաքացիության, համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման գործընթացի մեջ` հատուկ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և ընտրությունների հարցերին:

Ծրագրին մասնակցելու համար դպրոցի փոխնտօրենները պետք է լրացնեն դիմումը և մինչև հունիսի 2-ը, ժամը 18:00 և ուղարկեն civitasarmenia@gmail.com հասցեին՝ «Սեմինարի մասնակցություն» վերտառությամբ։