23 մայիսի 2012 - 18:35 AMT
Կաննի կինոփառատոնի կինոշուկայում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհանդեսը

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և դրա շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվել են Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի է ունեցել երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը:

Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: