24 մայիսի 2012 - 09:58 AMT
«Ժողովուրդ». Քաղաքական էլիտան քննարկում է Վիգեն Սարգսյանի՝ պաշտոնից հեռացման մասին լուրերը

«Ժողովուրդը» գրում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական էլիտան որոշել է յուրայինների գործունեությունը մանրակրկիտ քննել, քանի որ առջևում նախագահական ընտրություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` հենց այդ շրջանակներում հրաժարական տվեց Նոր Նորք համայնքի ղեկավար Մելիք Գասպարյանը, որը փոփոխությունների շղթայի մի օղակն է ընդամենը: «Եվ մինչ բոլորը սպասում էին Հանրապետականի պարտությունն արձանագրած մյուս համայնքների ղեկավարների հրաժարականներին, այլ հետաքրքիր «թեկնածուներ» ի հայտ եկան: Երեկ քաղաքական էլիտան քննարկում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` պաշտոնից մոտալուտ հեռացման մասին տեղեկությունը: Վերջինս, հայտնի լրտեսական սկանդալից դեռ «չմաքրված», այս անգամ կարծես առանձնացել է ներքաղաքական հավատարմության հարթությունում: Կլինի նման հրամանագիր, թե ոչ` կիմանանք մոտ օրերս»,- գրում է թերթը: