24 մայիսի 2012 - 14:22 AMT
Հայաստանում կստեղծվի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հիմնադրամ

Հայաստանի կառավարությունը մայիսի 24-ին հաստատել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ այս հիմնադրամի ստեղծումը հեռանկարային ուղղություն է և ֆիզիկոս-էնտուզիաստների աշխատանքի արդյունք:

Նախագծի շրջանակներում` առաջին փուլում, կպատրաստվի AREAL գծային արագացուցիչ: Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցիչների կենտրոնների ղեկավարների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում համագործակցության մասին համաձայնագրեր են կնքվել: Արդյունքում արդեն ստացվել է 1.5 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ` AREAL գծային արագացուցիչ պատրաստելու համար: Եվս 1 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ կստացվեն առաջիկայում : Ընդգծվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում իրականացվել է առաջին փուլի մեծ մասը: AREAL գծային արագացուցիչը ծրագրվում է շահագործել արդեն իսկ հաջորդ տարի:

AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա էլեկտրոնային փնջից նվազագույն էմիտանսով ստանալ գերկարճ ազդակներ : Այս աշխատանքները ներկայումս ֆիզիկայում փնջերի և արագացուցիչների ոլորտում հեռանկարային են և աշխարհի առաջատար կենտրոնների առաջնային ուղղություն : Դրանք կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենան ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի բնագավառներում էքսպերիմենտալ հատազոտությունների համար :

Նախագիծն իրականացվում է Գերմանիայի DESY և Շվեյցարիայի PSI կենտրոնների, Սթեմֆորդի SLAG և Նովոսիբիրսկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտների հետ համատեղ: