
Հասարակական գործիչներ Խաչիկ Ստամբոլցյանն ու Գևորգ Յազըճյանը դեմ են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրմանը Հայաստանում։ Այս մասին այսօր նրանք հայտարարել են լրագրողների հետ հանդիպմանը։
Բանախոսների կարծիքով, դրանք գլոբալիզացիոն ուժերի գործիքներ են։ «Նույնականացման քարտերի մեջ կա կրիչ, որն իր մեջ կարող է կրել 800 էջ ինֆորմացիա մարդու մասին»,–ասաց Ստամբոլցյանը`կոչ անելով քաղաքացիներին հետևել եվրոպական մի շարք երկրների՝ Գերմանիայի, Իռլանդիայի , Հունաստանի, օրինակին և հրաժարվել դրանցից։
«Քանի դեռ մեզ օրենքը չի պարտադրում քարտերը, իսկ դա կարող է ժամանակավոր լինել, պետք է ընդվզել և ազգային բոյկոտի ենթարկել»,–նշեց Ստամբոլցյանը։ Իսկ Յազըճյանն էլ հավաստիացրեց, որ հոգևոր անվտանգության սկզբունքից ելնելով էլ, պետք է մերժել նոր սերնդի փաստաթղթերի կիրառությունը։
Գևորգ Յազըճյանը բերեց Լիբանանի օրինակը, որտեղ իսլամական և քրիստոնեական հոգևորականության կողմից մերժվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրումը։ Յազըճյանին մտահոգում է այն հանգամանքը, թե ինչու մեր եկեղեցին չի արձագանքում այս հարցին։