7 հուլիսի 2004 - 18:30 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Եվրամիության եւ Եվրախորհրդի նախաձեռնությունները կարող են լրացնել, ոչ թե փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Դե-ֆակտո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում վերջին ժամանակներս այդ կառույցների նկատելի ակտիվությունը: Նշելով, որ Հայաստանը դրական է վերաբերվում ԵՄ-ի եւ ԵԽ-ի նախաձեռնություններին, որոնք արտահայտվում են նրանց ներկայացուցիչների հաճախակի դարձած այցերով հակամարտության տարածաշրջան, Վ.Օսկանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վարույթում: Նախարարը տեղեկացրել է, որ հուլիսին ակնկալվում է «մինսկյան» համանախագահների հերթական այցը տարածաշրջան, որտեղ նրանց կներկայացվեն կարգավորման արդի փուլի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները: