25 մայիսի 2012 - 16:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկական գամփռը կմասնակցի Թբիլիսիի տոհմային շների ցուցահանդեսին

Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել չորսամյա Գոնչ անունով ահռելի գամփռի և Արփի Վանա կատվի հետ: Նա հայտնեց, որ Հայկական գամփռը կներկայացվի մայիսի 27-ին Թբիլիսիում կայանալիք տոհմային շների միջազգային ցուցահանդեսին:Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացնելու է 12 տարբեր ցեղատեսակի շներ, այդ թվում գամփռ, գերմանական հովվաշներ, կանարական և այլ տեսակի շներ:

«Առաջին անգամ Հայկական գելխեղդ գամփռը կներկայանա Հայաստանից դուրս, դատելու են եվրոպացի դատավորները: Մասնակիցներ կլինեն Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից»,-ասաց նա:

Կինոլոգների միության նախագահը կարևորեց նմանատիպ ցուցադրությունները` նշելով, որ դրանց ընացքում շները որակավորվում են, միջազգային դատավորների կողմից արժանանում գնահատականների և կոչումների: Նմանատիպ ցուցահանդես այս տարի արդեն չորրորրդ անգամն է անցկացվում։ Հոկտեմբերի 14-ին ցուցահանդես կկազմակերպվի նաև Հայաստանում։ Վիոլետա Գաբրիելյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Գերմանիայից դատավոր են հրավիրել ցուցահանդեսը գնահատելու համար. «Հատուկ ենք հենց Գերմանիայից ընտրել։ Դրա մեջ խորը իմաստ կա, քանի որ նախկինում գերմանացիներն այդ հարցում թուրքերին էին սատարում: Մեծ Բրիտանիայից մասնագետ է եղել մեզ մոտ և հիացած է հայկական գամփռով: Ցուցահանդեսից հետո պատրաստվում ենք հրատարակել հոդված այն մասին, որ նախկինում թուրքերին սատարող Գերմանաիայի և Անգլիայի մասնագետները ցնցված են մեր հայկական գամփռով»,–ասաց նա:

2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է՝ Հայկական գելխեղդ՝ գամփռ:

ՖՈՏՈՇԱՐՔ