Հայկական բանակում դժբախտ պատահարի պատճառով զինվոր է մահացել։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երեկ ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան կայանելիս ավտոմեքենայի առաջնային հատվածով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը` նշելով, որ զինվորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման պատճառով անզգուշությամբ առաջացած մահ։ Պատիժն` առավելագույնը հինգ տարի ազատազրկում է `ներառյալ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը), սակայն Գագիկ Հովակիմյանը դեռ ձերբակալված չէ։ Կատարվում է հետաքննություն: