Չինաստանը քննադատությամբ է պատասխանել աշխարհի երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրադրության մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցին: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, Պեկինը մատնանշել է իր ներքին գործերին միջամտելու` Վաշինգտոնի փորձը` խորհուրդ տալով ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պահպանմանը ինքնին Միացյալ Նահանգներում:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյի խոսքով` Պետքարտուղարության զեկույցի` Չինաստանին նվիրված մասը վերապահումով է կազմվել: Լեյը նշել է, որ անցյալ տասնամյակների ընթացքում իր երկիրը զգալի առաջընթացի է հասել մարդու իրավունքների ոլորտում:
Չինական ԶԼՄ-ներն իրենց հերթին ընդգծել են, որ Վաշինգտոնը այլ երկրների հասցեին անհիմն քննադատության բարոյական իրավունք չունի` նշելով Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական քարոզարշավների ընթացքում խաղաղ քաղաքացիների մահը, ինչպես նաև «ԱՄՆ-ում աղքատների, սովյալների և անօթևանների աճող թիվը, զենքի կիրառմամբ հանցագործությունները, որոնք ցնցում են ամերիկյան հասարակությունը և մարդկանց ռասայական ու սեռական խտրականության նախկինի պես արդիական փաստերը»: