25 մայիսի 2012 - 21:54 AMT
Իռլանդիայում ՀՀ դեսպանը երկրի նախագահի և նախարարների հետ քննարկել է հայ-իռլանդական համագործակցությունը

Մայիսի 22-23-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը այցելեց Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարողությանը ներկա էին նաև Իռլանդիայի մանր և միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը: Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում ունեցավ Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի և ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ:

Հաջորդ հանդիպումն Իռլանդիայի խորհրդարանում էր Առևտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի հետ: Քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու և զարգացնելու հնարավորությունները, հատկապես`գյուղատնտեսական, դեղագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:

Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպեց Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը: