26 մայիսի 2012 - 09:25 AMT
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը

Այսօր` մայիսի 26-ին Բաքվում տեղի է ունենալու «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունեցել մայիսի 22-ին և 24-ին: Եզրափակիչ փուլին կմասնակցեն Լիտվան, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, հաղթողի գլխավոր ֆավորիտ Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան, Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան, Իսլանդիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ադրբեջանը:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում էր Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին, որի համար և տուգանվել է EBU-ի կողմից: Բացի այդ, Հայաստանը պետք է հեռարձակի մրցույթը, հակառակ դեպքում կարող է զրկվել 2013թ-ին մրցույթում մասնակցելուց: