26 մայիսի 2012 - 11:33 AMT
Հիլարի Քլինթոնը կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ այդ երկրների նախագահների ու այլ պաշտոնյաների հետ կքննարկի «տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»: Ինչպես հայտնել է պետդեպարտամենտը, բոլոր երեք երկրներում նա կհանդիպի նաև «քաղաքացիական հասարակության առաջնորդների» հետ, իսկ Վրաստանում զրույցներ կունենա նաև «քաղաքական գործիչների լայն շրջանակի հետ»: Հունիսի 5-ին Բաթումում նա կմասնակցի Ռազմավարական գործընկերության երկկողմ հանձնաժողովի նիստին:

Քլինթոնի այցը Անդրկովկաս կանցնի նրա եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կտևի մայիսի 31-ից հունիսի 7-ը: Նա կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա: Սկանդինավիայից Քլինթոնը կմեկնի Անդրկովկաս, այնտեղից՝ Թուրքիա: Ստամբուլում նա կհամանախագահի Ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ համաժողովում: