26 մայիսի 2012 - 18:13 AMT
Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հայտնել է, որ չի վերականգնելու Հոսնի Մուբարաքի նախկին վարչակարգը

Եգիպտոսի նախագահի անկախ թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հայտնել է, որ չի վերականգնելու Հոսնի Մուբարաքի նախկին վարչակարգը, որի օրոք ինքը երկար ժամանակ քաղաքացիական ավիացիայի նախարար է եղել: «Ես բոլոր եգիպտացիներին խոստանում եմ, որ մենք նոր դարաշրջան կսկսենք, ոչ մի հետընթաց չի լինի: Ժամացույցի սլաքներն անհնար է հետ պտտել»,- հայտնել է նա Կահիրեում:

Շաֆիկը նաև երիտասարդներին, ովքեր մասնակցել են ցույցերին, խոստացել է, որ կանի ամեն հնարավոր բան «եգիպտական հեղափոխության նպատակների իրականացման» համար: «Հեղափոխությունը, որը մենք սկսել ենք, խլել են մեզնից, ես խոստանում եմ վերադարձնել ձեզ դրա պտուղները»,- ասել է Շաֆիկը: Նրա խոսքով` երիտասարդությունն առաջատար դեր կունենա եգիպտական պետության ապագայի կառուցման գործում:

Համաձայն նախնական տվյալների` Եգիպտոսի ՌՕՈՒ նախկին գեներալ Շաֆիկը Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 24,5% և այժմ երկրորդ տուրում նախագահական աթոռի համար կպայքարի «Մահմեդական եղբայրներից» թեկնածուի հետ, որի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր ներկայացած եգիպտացիների 24,9%: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: