27 մայիսի 2012 - 17:41 AMT
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսի 18-19 Մոսկվայում

Իրանը հիմքեր չի տեսնում ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու գործընթացը դադարեցնելու համար:Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին: «Մենք ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու հարցում զիջելու հիմքեր չենք տեսնում, քանի որ մենք նման ուրան արտադրում ենք այնքան, որքան մեզ անհրաժեշտ է` ոչ ավել, ոչ պակաս»,-նրա խոսքը մեջբերում է Մեհր գործակալությունը:

Նախորդ շաբաթ Բաղդադում իրանական միջուկային ծրագրի հարցերով «5+1» խումբը պահանջել է ԻԻՀ-ից դադարեցնել ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելը:

Բաղդադում «վեցնյակն» ու Իրանը պայմանավորվել են հետագայում քննարկել 20 տոկոս հարստացված ուրանի հարցը:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսի 18-19 Մոսկվայում: