28 մայիսի 2012 - 13:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեփան Սաֆարյան. Փակ շուկան քանդում են՝ օգտվելով «անտերությունից»

Մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Երևանի Մաշտոցի պողոտայում`քննարկելու իրենց անելիքները կապված երեկ ուշ երեկոյան Փակ շուկայի տանիքի քանդման աշխատանքների հետ։

Թեև Երևանի քաղաքապետը դեռևս մարտ ամսին արգելել էր սեփականտեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ–ին ձեռք տալ Փակ շուկայի տանիքին, սակայն երեկ կես գիշերին երկու ամիս դադարից հետո, շինարարները շարունակել են ճարտարապետական արժեք ներկայացնող կամարապատ տանիքի քանդման աշխատանքները։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, ով միացել է ակտիվիստներին, ներկայումս հանցագործության մասին դիմում է գրում ոստիկանություն ներկայացնելու համար. «Եզրակացությունս մեկն է` այս վանդալիզմը տեղի է ունենում ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիք չկա։ Կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է և նոր կառավարություն չկա, այսինքն` անտերության փուլում է և որևէ գերատեսչություն չի կատարում իր պարտականությունները և չի իրականացնում պատշաճ վերահկողություն այս ապօրինի բարբարոսության նկատմամբ», – ասաց Սաֆարյանը` նշելով, որ քանի դեռ փակցված չէ ցուցատախտակ, որը հանրությանը տեղյակ կպահեր, թե ինչ տեսք կունենա շուկան միջամտություններից հետո, նշանակում է, որ քանդման աշխատանքները ապօրինի են և թույլտվություն չկա։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ արդեն զգալի հարված է հասցվել պատմամշակութային այս կոթողին։ «Եթե այսպես շարունակվի մենք կկործանենք Երևանի լավագույն շուկայի շենքը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ Եթե այս պահին դադարեցվի մասամբ հնարավոր կլինի վերականգնել շուկայի ճարտարապետական տեսքը»,– նշեց նա։

Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունն ավելի վաղ շենքի տանիքը վնասելու համար տուգանվել էր 200 հազ. դրամով, քանի որ Երևանի քաղաքապետարանը շուկայում վերանորոգում իրականացնող կազմակերպությանը թույլտվություն էր տվել իրականացնել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքներ։ Քաղաքեպատրանն արգելել է դիպչել շենքի արտաքին տեսքին։

ՖՈՏՈՇԱՐՔ