28 մայիսի 2012 - 14:23 AMT
Էդուարդ Շարմազանով. ՀՀ նոր խորհրդարանը կշարունակի ԱԺ նախկին համագումարների դրական ավանդույթները

Իշխող ՀՀԿ մամլո քարտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ նոր խորհրդարանը կշարունակի ԱԺ նախկին համագումարների դրական ավանդույթները: « Խորհրդարանական ուժերը պետք է աշխատեն քաղաքական մշակույթի շրջանակներում և նրանց գործունեությունն ուղղված է լինելու հասարակության խնդիրները լուծելուն»,-ասել է Շարմազանովը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: