28 մայիսի 2012 - 16:49 AMT
Կարեն Ավագյան. Սարդարապատի ճակատամարտի գլխավոր գաղափարն ու դասը միասնության գաղափարն է

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը գտնում է, որ Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդին ցույց տվեց միավորվելու անհրաժեշտությունը: «Սարդարապատի ճակատամարտի գլխավոր գաղափարն ու դասը միասնության գաղափարն է: Մենք միշտ ասում ենք, որ հայ ժողովուրդը պետք է միասնական լինի, և Երրորդ հանրապետությունը ցույց տվեց, որ երբ հայ ժողովուրդը միասնական է, ապա կարող է լուծել իր առջև ծառացած խնդիրները»,- հայտնել է նա լրագրողներին Սարդարապատի ճակատամարտի Հուշարձանային համալիր այցելության ժամանակ:

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: