28 մայիսի 2012 - 17:27 AMT
Փակ շուկայի պաշտպանները դիմումներ են ուղարկելու քաղաքապետարան

Երեկ կեսգիշերին Փակ շուկայի տանիքը անօրինական կերպով քանդելու դեմ հանդես եկող ակտիվիստ-քաղաքացիները վաղը Երևանի քաղաքապետարան դիմումներ են ներկայացնելու: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության ղեկավար Գրիգոր Ղազարյանը:

Թեև Երևանի քաղաքապետը դեռևս մարտ ամսին արգելել էր սեփականտեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին ձեռք տալ Փակ շուկայի տանիքին, սակայն երեկ կեսգիշերին` երկու ամիս դադարից հետո, շինարարները շարունակել են ճարտարապետական արժեք ներկայացնող կամարապատ տանիքի քանդման աշխատանքները։

Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունն ավելի վաղ շենքի տանիքը վնասելու համար տուգանվել էր 200 հազ. դրամով, քանի որ Երևանի քաղաքապետարանը շուկայում վերանորոգում իրականացնող կազմակերպությանը թույլատրել էր իրականացնել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքներ։ Քաղաքեպատարանն արգելել է դիպչել շենքի արտաքին տեսքին։