29 մայիսի 2012 - 22:03 AMT
Ադրբեջանական «լրտեսաֆոբիա». Բաքվում գտնում են, որ «Եվրատեսիլի» օրերին լրագրողների տեսքով լրտեսներ էին ժամանել

«Այսօր Եվրոպայից Ադրբեջան ժամանող լրագրողներին սովորեցնում են, որպեսզի նրանք փնովեն այդ երկրի ղեկավարությանն ու դրա մասին հոդվածներ գրեն: Նման բան չի կարելի թույլ տալ: Չի կարելի որևէ մեկին փնովել: Օրինակ, ինչպես իրեն կզգա անգլիացի լրագրողը, եթե վարկաբեկեն Մեծ Բրիտանիայի թանգուհուն»,- ասել է Ադրբեջանի Քաղաքացիության և զարգացման կուսակցության (ՔԶԿ) նախագահ Ալի Ալիևը:

Նա հայտնել է, որ «Եվրատեսիլի» օրերին Ադրբեջան էին ժամանել «մի խումբ լրտեսներ, որոնք ներկայացել էին որպես լրագրող», հաղորդում է ԱՊԱ-ն:

«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը Euphoria երգով, որը հավաքեց 360 միավոր: Երկրորդ տեղը 259 միավորով զբաղեցրեց Ռուսաստանը «Բուռանովյան տատիկների» Party for Everybody երգով, իսկ սերբ Ժելկո Յոկսիմովիչը Nije Ljubav Stvar երգով երրորդն է 214 միավորով:

Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացման կապակցությամբ BBC-ն ավելի վաղ նկարահանել էր «Ադրբեջանի կեղտոտ գաղտնիքները» 30-րոպեանոց ֆիլմ, որտեղ իրական փաստեր են ներկայացված Ադրբեջանում առկա իրադրության մասին:

Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երգի մրցույթի քվեարկությունը վերահսկվում է ազգային անվտանգության մարմինների կողմից:

Տեսանյութում նշվում էր երկրի նախագահ Ալիևի ունեցվածքը, միլիարդավոր նավթային ռեսուրսները: Համաձայն տեսանյութի` Ադրբեջանը միլիոններ է ծախսում, որպեսզի զարմացնի աշխարհին: