Դրամի փոխարժեքի թուլացման վրա հիմնականում ազդել են արտաքին գործոնները, ինչպես նաև ներքին խթանները: Մայիսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նշենք, որ ապրիլից սկսած ազգային արժույթն աստիճանաբար արժեզրկվում էր, որի փոխարժեքը վերջերս հատեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամի սահմանը:
Արտաքին գործոնների թվում Մանասերյանը նշեց դեռ 2011թ. եկող միտումները՝ ԱՄՆ տնտեսության որոշակի ակտիվացումը, որի արդյունքում դոլարի դիրքերն ուժեղանում են: Միաժամանակ եվրոյի գոտում արժեզրկվում է եվրոն:
Ինչ վերաբերում է ներքին խթաններին, ապա այստեղ տնտեսագետը նշեց երկրի տնտեսության «զգայունությունը» քաղաքական գործընթացների հանդեպ, նկատի ունենալով մայիսի 6-ի ընտրությունները՝ այդ դեպքերում բիզնեսն իրեն զուսպ է պահում: Այնուամենայնիվ, ըստ Թաթուլ Մանասերյանի, ազգային արժույթի թուլացումը հիմնականում սեզոնային բնույթ է կրում, երբ գյուղացիները պատրաստվում են նոր սեզոնին: «Ագրարային քաղաքականության ճիշտ իրականացման դեպքում երկրի տնտեսությունը կարող է զարգանալ ակտիվ տեմպերով, ինչը մասնակիորեն կհավասարակշռի դրամի արժեզրկումը»,-ասել է նա:
Մանասերյանը նաև նշել է, որ եթե նոր կառավարությունը հետևողական քաղաքականություն վարի, Հայաստանին կհաջողվի խուսափել լուրջ ցնցումներից ինչպես դոլար/ դրամ տատանումների ոլորտում, այնպես էլ արժեզրկման: