30 մայիսի 2012 - 16:30 AMT
Սամվել Բալասանյան. ԲՀԿ–ն նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա։ Այս մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը։

Նրա հավաստմամբ, ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանը։

Մայիսի 24–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: