30 մայիսի 2012 - 18:52 AMT
Քուվեյթը շահագրգռված է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատման հարցում

Հայաստանի փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան ԲասամՄուհամմադ ալ Քաբանդինին և Քուվեյթի Պետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Նաբիլ Աբդ ալ Մոհսին ալ Զամիլին:

Ինչպես հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, վերջինս Հայաստանում է գտնվում երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատման հարցեր քննարկելու նպատակով:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին հայաստանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքների մասին` նշելով, որ քուվեյթական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատմամբ:

Փոխվարչապետը ևս ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ուղիղ օդային կապի առկայությունը, ինչը կխթանի ինչպես երկկողմ առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ միջպետական շփումների ակտիվացմանը:

Կողմերը հույս հայտնեցին, որ տարվա ընթացքում արդեն որոշակի արդյունքներ կլինեն, առավել ևս, որ 2011թ. Երևանում կայացած հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր էր ստորագրվել: Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր: